Ըստ ներդրումային օրենսդրության եւ ներդրողների համար ենթակառուցվածքների հարմարավետության՝ Հայաստանը ԱՊՀ-ում մտնում է առաջին եռյակի մեջ: Այս մասին հոկտեմբերի 11-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է KPMG Russia-ի կապիտալի, մետաղների եւ լեռնահանքային արդյունաբերության շուկայի բաժնի ղեկավար Օլգա Պլեւակոն՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ, որը նախատեսված էր Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) հայկական արժեթղթերի պոտենիալ թողարկողների համար:
Նրա գնահատմամբ՝ հայկական շուկայի եւ թողարկման թղթապանակի չափերը այնքան էլ մեծ չեն: Սակայն հաշվի առնելով զարգացած երկրներում շահութաբերության անկումը՝ եւ՛ Ռուսաստանում, եւ՛ այլ երկրներում նոր շուկաներ եւ հնարավորություններ են փնտրում: Այդ պատճառով նույնիսկ ոչ այնքան գրավիչ, սակայն անհատական լավ ցուցանիշներով երկրներում ընկերությունները կարող են ներդրողներ գտնել, այդ թվում՝ այնպիսի, որոնք մասնագիտացած են ԱՊՀ շուկաների ուղղությամբ:: Ինչպես նշել է Պլեւակոն, պետք է պատրաստ լինել, որ ինչ-որ ռիսկերի դիմաց նրանք զեղչեր կառաջարկեն: Սակայն ընկերությունն իր հաշվետվությունը եւ մենեջմենթը որքան լավ պատրաստի լիստինգի համար, այնքան շահավետ գործարքների մեծ հնրավորություն կունենա:
«Համաշխարհային ֆոնդային շուկաներից հատկապես LSE-ն է ավելի շատ աշխատում Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի թողարկողների հետ: Այնտեղ ներդրողներ կան, որոնք այդ երկրներում են աշխատում, հասկանում են բոլոր ռիսկերն ու շերտերը, այդ թվում՝ քաղաքական: Այդպիսի բան չկա աշխարհի ոչ մի այլ հարթակում: Բորսայում լիստինգի եւ արժեթղթերի թողարկման փորձ չունեցող ընկերություններն ավելի լավ սկսեն պարտքի գործիքներից (այդ թվում՝ եվրոբոնդերի), քան բաժնեթղթերից: Դա թույլ է տալիս ֆինանսավորում ներգրավել որոշակի, այլ ոչ փոփոխական տոկոսադրույքով»,- հավելել է նա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանում ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների եւ ավանդների առումով խոշորագույն բանկն է։ Բանկի ընդհանուր կապիտալը հիմա կազմում է մոտ 200 մլն դոլար։
Լոնդոնի ֆոնդային բորսայում 2016–ի սեպտեմբերին վաճառվում էին 268 օտարերկրյա թողարկողների բաժնետոմսեր։ Միայն սեպտեմբերին դրանք 16 մլրդ 957 մլն ֆունտ են բերել։




























