Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նա հերթական անգամ վիրավորել է լրագրողներին, այս անգամ էլ ավելի կոշտ արտահայտություններով, ինչպես նաև կոտրել է օպերատորի տեսախցիկը։ Ըստ երևույթին, իրեն գերաստղ համարող Կիրկորովը՝ լրագրողներին տեսնելուն պես, ընկնում է ախտադարձային վիճակի մեջ և հարձակվում է նրանց վրա։ Հիշեցնենք, որ իրեն «աստղ» երևակայող Կիրկորովի «առաջին զոհը» եղել էր Ռոստովից լրագրողուհի Իրինա Արոնյանը, ինչից հետո երգիչը դատվել էր և ներողամտություն հայցել։
Հերթական սկանդալը գրանցվել է սեպտեմբերի 1-ին Մոսկվայի «Ռոլ Հոլ» ակումբում տեղի ունեցած համերգի ժամանակ։ Հեռուստատեսության կենտրոնական ալիքներից մեկի լրագրողուհին ելույթից հետո մոտեցել է երգչին ու հարցրել. «Ինչո՞ւ եք դուք վիրավորել Կազանի ֆիլհարմոնիայի տնօրենին»։ Կիրկորովը թեքվել է դեպի լրագրողուհին ու ասել. «Գնա՜, քո… Ես քեզ կխեղդեմ»,- և հրել է նրան, այնուհետև օպերատորի ձեռքից խլել է 24 հազար դոլար արժողության տեսախցիկն, ու այն խփել հատակին։ Տուժել է նաև միկրոֆոնը։ Լրագրողները միլիցիայում բողոք են գրել երգչի դեմ՝ իրենց գնահատմամբ 27,5 հազար դոլարը գերազանցող վնասի հատուցման պահանջով։




























