Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջեւ երկխոսության կայացման, ինչպես նաեւ՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ եւ ԵՏՄ օրակարգերում գտնվող մի շարք հարցեր:

Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում քննարկվել եւ հավանության են արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես, խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների 2017 թ. միասնական բյուջեի ու 2015թ. միասնական բյուջեի կատարողականի նախագծերին, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Միաժամանակ խորհուրդը որոշում է կայացրել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նշել է, որ  բանակցություններն ու քննարկումները բավական հետաքրքիր էին, եւ այս հարթակները հարմար են՝ հետխորհրդային երկրներում թե՛ շուկայի, թե՛ հետաքրքրությունների առումով կուտակված հարցերը քննարկելու համար: «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկումները բուռն էին եւ առարկայական, որովհետեւ Մաքսային օրենսգրքին էին վերաբերում: Քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպել Մոսկվայում»,-ասել է Կարեն Կարապետյանը: