Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը մեկ ամիս առաջ փոխեց իր գլխավոր մարզչին: Մոտ մեկ տարի թիմի հետ աշխատած իսպանացի մարզիչ Տիտո Ռամալյոն իր անձնակազմի հետ հեռացավ թիմից: Թե ինչու նա հեռացավ այն ժամանակ, երբ թիմը վատ արդունք չէր ցույց տալիս, իսպանացի մասնագետը պատմեց NEWS.am-ի լրագրող Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում։

Պարոն Ռամալյո, շատերի համար զարմանալի էր Ձեր հեռանալը «Բանանցից»: Գարնանը թիմը նվաճեց Հայաստանի գավաթը, այժմ էլ ընթանում էր երրորդ տեղով: Ի՞նչ պատահեց:

Թիմը ցանկացավ բաներ փոխել սկզբնական նախագծից: Երկկողմանի համաձայնությամբ որոշեցինք բաժանվել: Դա հարաբերությունների լավագույն ավարտն  էր:

Բայց տրամաբանություն չկա: Ձեր պայմանագիրը դեռ գործում էր ու թիմն էլ լավ էր հանդես գալիս:

Հասկանում եմ, բայց ես չէի կարող ընդունել նոր իրավիճակը: Եւ պետք է հեռանայի: Ինձ համար դա դժվար էր: Կցանկանայի շարունակել իմ գործը: Ես սիրով էի այն անում, բայց այլևս հնարավոր չէր:

Գիտե՞ք, հիմնականում երբ մարզիչները ասում են՝ հեռացա թիմից, դրա տակ թաքնված է՝ ինձ հեռացրին թիմից: Եվ ավելի հավանական է, որ թիմը չի ցանկացել համագործակցել Ձեզ հետ:

Նրանք առաջարկեցին նոր փոփոխություններ, որոնք ես չընդունեցի և որոշեցինք ավարտել համագործակցությունը:

Իսկ կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ փոփոխություններ:

Ընդհանուր ասեմ միայն, որ ցանկանում էին փոփոխել սկզբնական նախագիծը:

Հիմնակա՞ն թիմի հետ կապված:

Ընդհանուր:

Ի՞նչ տվեց Ձեզ Հայաստանում աշխատելը:

Ինձ համար դա մեծ փորձ էր՝ անձնական ու մասնագիտական առումներով: Ես ամեն բանից գոհ էի:

Ինչպե՞ս եք տեսնում «Բանանցի» հետագա զարգացումը:

Ես կարող եմ միայն լավ բաներ ասել «Բանանցի» մասին: Թիմը ունի պոտենցիալ, որպեսզի դառնա հայկական ֆուտբոլի էտալոնը: Ինչպես են շարժվելու առաջ, ես չգիտեմ:

Ինչ հեռացաք, «Բանանցից» թիմը բավականին անհաջող է հանդես գալիս: Արդեն նախավերջին տեղում է:

Ես գիտեմ ու դա ինձ տխրեցնում է

Վարկածներ ունե՞ք՝ ինչու է այդպես:

Ես ունեմ իմ մասնագիտական կարծիքը, բայց կնախընտրեմ լռել: Ես կցանկանամ, որ «Բանանցը» հաղթի բոլոր խաղերում:

Դե հենց Ձեր մասնագիտական կարծիքն էլ հետաքրքիրն է:

Հասկանում եմ, բայց ես այլևս «Բանանցի» մարզիչը չեմ, ես հիմա «Բանանցի» երկրպագուն եմ և ցանկանում եմ, որ նրանք լավ հանդես գան:

Ինչ եք կարծում, ո՞վ է դառնալու չեմպիոն այս մրցաշրջանում:

Կարծում եմ՝ «Շիրակը» ունի լավ հնարավորություններ:

Որտե՞ղ եք պատրաստվում աշխատել:

Ես ցանկանում եմ թիմ մարզել: Սպասում եմ լավ հնարավորության Իսպանիայում կամ այլ երկրում:

Վերա Մարտիրոսյան