Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 31-ից սկսած հացադուլը դեռ շարունակում է: Իր խափանման միջոցի դեմ բողոքող Նարեկ Սարգսյանին հացադուլի միայն 5-րդ օրն են ընդհանուր խցից տեղափոխել մենախուց: NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը պահանջում է, որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի չհեռանալու մասին ստորագրությամբ, կամ գրավով:

Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործով՝ բացի Սարգսյանից անցնում են եւս 3 մեղադրյալներ՝ Հայկ Հովհաննիսյանը,, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը: