Նոյեմբերի 6-ին Իսրայելի Շեֆայիմ քաղաքի Ազգային հավաքականների մարզումային կենտրոնում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Իսլանդիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականին եւ վաստակեց 4 միավոր: Հայաստանի հավաքականը խմբում գրավեց երրորդ տեղը եւ ընդգրկվելով մրցաշարի որակավորման փուլի բոլոր 13 խմբերում երրորդ տեղ գրաված լավագույն 5 թիմերի շարքում՝ դուրս եկավ հաջորդ՝ էլիտ փուլ:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Էլիտ փուլի ուղեգիր նվաճեց երրորդ տեղ զբաղեցրած թիմերի միջեւ հինգերորդ լավագույն արդյունքն ունենալու շնորհիվ:

Խաղից հետո NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ:

Պարոն Ոսկանյան, սա հիրավի մեծ նվաճում է թե՛ հայկական ֆուտբոլի, թե՛ Ձեզ համար: Որո՞նք էին հաղթանակի նախադրյալները:

Շնորհավորում եմ բոլորիս: Մենք պարզապես արեցինք մեր գործը: Թիմը հաղթեց նվիրվածության, կոլեկտիվ խաղի, կարգապահության եւ հայրենսիրության շնորհիվ: Մենք ամեն օր տղաներին հիշեցնում էինք, որ նրանք ներկայացնում են մեր ազգը ամբողջ աշխարհում: Ապրեն մեր տղաները, հավատացին մեզ ու կարողացան իսկական հայ տղամարդու պես պայքարել խաղադաշտում:

Խաղի ժամանակ, երբ հաշիվը դարձավ 3:2, այդ ժամանակ գիտեի՞ք, որ լրացուցիչ ցուցանիշներով՝ կարգապահական, դուք առաջ եք անցնում մակեդոնացիներից, թե՞ խաղից հետո իմացաք:

Խաղավերջում գիտեինք, որ հաջորդ փուլ ենք անցնում: Եվ դա մեզ խանգարեց վերջին րոպեին գոլ բաց թողեցինք: (Հայաստանի ու Մակեդոնիայի հավաքականները բոլոր ցուցանիշներով հավասար էին, սակայն մակեդոնացիները մեկ դեղին ավել ունեին, որի շնորհիվ հաջորդ փուլ անցան հայերը):

Շա՞տ արձագանքներ եղան Հայաստանից:

Այո, բազմաթիվ շնորհավորանքներ, թե՛ հասարակ երկրպագուներից, թե՛ պաշտոնական անձանցից:

Հավաքականի 18 ֆուտբոլիստներից 10-ը «Բանանցի» սաներ էին, որտեղ Դուք աշխատում եք որպես գլխավոր մարզիչ: Կարելի՞ է ասել, որ Բանանցը» մեծ հայտ ներկայացրեց տարիքային ավելի մեծ հավաքականների ապագա համալրման հարցում:

Այո, այդպես է: «Բանանցի»  այսօրվա երիտասարդ սերունդը ապագայում կարող է համալրել Հայաստանի ազգային հավաքականի կազմը:

Կա՞ն ֆուտբոլիստներ ում կառանձնացնեք:

Բոլորը խաղացին իրենց ուժերի հարյուր տոկոսով եւ ավելին:

Էլիտ փուլի հաջորդ փուլը մարտին է: Ինչպե՞ս է  թիմը պատրաստվելու:

Մենք հունվարին մրցաշար ունենք Բելառուսում: Գուցե ունենանք այլ ընկերական հանդիպումներ էլ:

Վերա Մարտիրոսյան