Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արսեն Կարապետյանի  եւ Արթուր Ամիրխանյանի կողմից նախնական համաձայնությամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու ու դրա սպառնալիքի միջոցով առեւանգելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված վերջինիս ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված քննչական խմբի կողմից, որում ներառված էին ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:

Քննության ընթացքում ձերբակալվել է 2 անձ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ: 

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. սեպտեմբերի 16-ին Արթուր Ամիրխանյանը, Արսեն Կարապետյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2016թ. սեպտեմբերի 18-ին կայանալիք նույն քաղաքի ավագանու եւ  քաղաքապետի ընտրությունների ավագանու անդամի թեկնածու Կիրակոս Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին (քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մրցակից) սատարելու, վերջինիս օգտին թռուցիկներ տարածելու, ինչպես նաեւ որպես ավագանու թեկնածու առաջադրվելու համար, ծեծի են ենթարկել Կ. Բաժակյանին, այնուհետեւ վերջինիս  կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խմբով բացահայտ առեւանգել են նրան, իր կամքին հակառակ նստեցրել «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխել Արմավիրի մարզի Արշալույս գյուղից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամայի տարածք:

Նշված վայրում Արթուր Ամիրխանյանը Արսեն Կարապետյանի եւ այլ անձանց հետ, շարունակելով Էջմիածին քաղաքի ավագանու անդամի թեկնածու Կ. Բաժակյանի ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն ուղղված հանցավոր գործողությունները, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված, Կիրակոս Բաժակյանից պահանջել են հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրությանը մասնակցելուց: Այդ կերպ՝ վերջիններս խոչընդոտել են Կ. Բաժակյանի` որպես ավագանու անդամի թեկնածուի ընտրվելու իրավունքի  իրականացմանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուն հաղորդում էր տվել այն մասին, որ 2016 թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:50-ի սահմանում, մի խումբ անձինք Էջմիածին քաղաքում բռնություն են գործադրել իր նկատմամբ եւ իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան, տեղափոխել ամայի տարածք, այնտեղ եւս բռնություն կիրառել ՝ պահանջելով հրաժարվել որպես ավագանու թեկնածու ընտրություններին մասնակցելուց: