Պաշտպանության նախարարությունը դեռեւս «չի կարողանում գտնել» օդանավը, որով քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանին պետք է տեղափոխեն Հնդկաստան՝ վերականգնողական բուժում ստանալու:

Ավետիս Զարգարյանի բուժման ծախսերը պետք է հոգա «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպությունը, թեեւ Կառավարությունը դեռ ապրիլին որոշում կայացրեց՝ այն զինծառայողները, որոնց հետագա բուժումն այլեւս հնարավոր չէ Հայաստանում կազմակերպել, պետության միջոցներով արտերկրում բուժում կստանան: Ինչպես միշտ որոշման մասին խոսեցին միայն այդ օրը, որովհետեւ 7 ամիս անց ոչ մի զինծառայող արտերկիր չի տեղափոխվել բուժման:

«Ավետիսը պետք է ծնոտի վիրահատության արտերկրում ենթարկվեր, սակայն քանի որ այսքան ձգձգվեց, որոշեցին Հայաստանում վիրահատել»,- NEWS.am-ին ասացին Ավետիսի հարազատները:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունն էլ է ընդունում, որ օդանավի խնդիրը չեն կարողանում լուծել:

«Խնդրահարույց է տեղափոխման հարցը, քանի որ մինչեւ Դելի ՀՀ-ից ուղիղ օդային հաղորդակցություն չկա, ավիափոխադրողները հանձն են առնում պառկած վիճակում վիրավորին տեղափոխել մինչեւ Մոսկվա: Նստած վիճակում Ա. Զարգարյանը չի կարող տեղափոխվել երկարատեւ, իսկ ընդհանուր թռիչքի տեւողությունը գերազանցում է 9 ժամը»,- ավելի վաղ NEWS.am-ին ասել էին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ի դեպ, Պաշտպանության նախարարությունից մեզ ասել էին նաեւ, որ Ավետիս Զարգարյանն ինքնուրույն կարողանում է կանգնել, մինչդեռ նա այս յոթ ամիսներին գամված է անկողնուն եւ չի կարողանում տեղաշարժվել: Թե երբ են ՊՆ աշխատակիցները տեսել զինծառայողին ինքնուրույն կանգնելիս բաց է մնում:

Հիշեցնենք, որ Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, Ավետիսի վիրավորվելու մասին իմանալուց հետո: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրը դեռ աշխատանքի չի գտել: Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի: