Ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան նշանակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Արթուր Պետրոսյանի մասին

Արթուր Պետրոսյանը ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ եթե ոչ լավագույնը: Կարծում եմ՝ նա կարող է ինչ-որ բան տալ հավաքականին եւ միասին հաջողության հասնենք:

Մարզավիճակի մասին

Չեմ ստանում բավական խաղաժամանակ: «Ֆեներբախչեի» հետ խաղացի մոտ մոտ 30 րոպե: Գիտեմ, որ սպասելիքները շատ են: Կարեւորը ցանկությունն է: Մարզավիճակը գնում է երկրորդ պլան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ին ֆինանսապես օժանդակելու մասին

Քանի որ նշանակվել եմ բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանամ օգնել: Ճիշտ է` գուցե Մեսսիի չափ չկարողանամ, բայց իմ հնարավորությունների չափով ամեն ինչ կանեմ:

«Մանչեսթերում» չխաղալու եւ իր երազանքի մասին

Ես քիչ խաղաժամանակ եմ ստանում, բայց դա խոչընդոտ չի: Երկար ճանապարհ եմ անցել այնտեղ հասնելու համար, եւ ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել այստեղ: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ երազանքիս հասնելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալու մասին

Ամեն բան կանեմ երեխաներին օգնելու համար: Սկզբում կօգնեմ իմ խորհուրդներով, իսկ հետագայում պատրաստ եմ ամեն ինչ անել, խնդիր չկա:

Վերա Մարտիրոսյան