Տնտեսությունում չկա մի ոլորտ, որի մասին ավելի շատ խոսեն, քան փոքր եւ միջին բիզնեսն է։ Կառավարությունն ամեն տարի հսկայական միջոցներ է առանձնացնում ՓՄՁ-ին խրախուսելու եւ աջակցելու համար, սակայն՝ ապարդյուն։ 2011 թ. պետական բյուջեում ՓՄՁ-ին աջակցելու համար նախատեսված է ընդամենը 150 մլն դրամ (410 հազ. դոլար), որը զիջում է 2009 թ. բյուջետային հատկացումներին մոտ 4 անգամ։ Ընդ որում՝ այդ 150 մլն-ից միայն 50 մլնն է նախատեսված բուն ՓՄՁ սուբյեկտների համար, մնացած 100 մլն-ը տրվելու է որպես աշխատավարձ ՓՄՁ զարգացման համար պատասխանատու չինովնիկներին։
Չի կարելի ասել, որ ՓՄՁ-ն օրիգինալ ծրագրերի եւ գաղափարների կարոտ է։ Օրինակ՝ պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկում է ամեն տարի պետական բյուջեի գոնե 0,5 տոկոսը հատկացնել ՓՄՁ սուբյեկտներին որպես էժան բյուջետային վարկ, որպեսզի «ֆինանսական ահավոր վիճակից դուրս բերենք»։ Բայց 0,5 տոկոսը բյուջեում մոտ 5 մլրդ դրամ է (13,8 դոլար), ու մեծ գուշակ լինել պետք չէ՝ կռահելու, որ կառավարությունը հազիվ թե դրանք գտնի բյուջեի անհամար ծակոտիներում։
Ըստ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի՝ կառավարությունն աջակցում է ՓՄՁ-ին ոչ միայն բյուջետային խողովակներով։ Ճգնաժամային 2009-ին գործել է օպերատիվ շտաբը, որտեղից մոտ 1 մլրդ դրամ (2,7 մլն դոլար) է հատկացվել որպես օժանդակություն, բացի այդ՝ մի քանի մլրդ դրամով ստեղծվել է հատուկ վարկային կազմակերպություն, որտեղից համեմատաբար էժան վարկեր ստանալու հնարավորություն կա։ Սակայն նախարարն ինքը խոստովանում է, որ վարկավորման օժանդակությամբ հարցը չի կարգավորվում։ «Սկզբից վարկը լավ է: Վեց ամիս անց ստացվում է, որ վարկի մարումն ավելի մեծ է, քան այն եկամուտները, որ գործարարը ստանում է։ Ու մարդը թշնամանում է վարկատուի հետ»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։ Նրա կարծիքով՝ հարկավոր է օժանդակել միայն այն սուբյեկտներին, որոնք աճող են, հատկապես՝ գյուղերում։
Նախարարի փաստարկները բոլորին չէ, որ համոզիչ են թվում։ Օրինակ, Շիրակի նախկին փոխմարզպետ, ներկայում պատգամավոր Արծրուն Աղաջանյանը գտնում է, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչները ոչ մի աջակցություն էլ չեն ստանում, եւ եթե կառավարությունը պնդում է, որ օգնել է, թող այդ օգտվողների ցուցակն անուն առ անուն հրապարակի։



























