Չեխիայի մշակույթի նախարարությունը Օսկար Շինդլերի՝ համաշխարհային հռչակ ձեռք բերած գործարանը մշակույթի հուշարձան է հայտարարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ գործարանային շինությունները, որտեղ աշխատում էին ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների կալանավորները, ավերակների են վերածվել: Հիմնականում պահպանվել են միայն պատերը:
Այս շինությունը, նոր կարգավիճակ ստանալով, կարող է վերակառուցվել Մշակույթի նախարարության հաշվին:
Բացի այդ, «Շոայի եւ Օսկար Շինդլերի հուշարձան» չեխական բարեգործական հիմնադրամը նախկին գործարանի տարածքում հոլոքոստի թանգարան բացելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
Օսկար Շինդլերը հայտնի էր դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր արարքի շնորհիվ, որը տեղ էր գտել Թոմաս Քենիլիի «Շինդլերի տապանը» վեպում: Նա փրկել էր իր գործարանում աշխատող տասնյակ հրեաների կյանքը: 1993-ին ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վեպի մոտիվներով նկարահանել էր «Շինդլերի ցուցակը» ֆիլմը, որը 7 «Օսկար» էր ստացել:



























