Կյանքից հեռացել է լեգենդար կանադացի երգիչ, գրող եւ կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենը: Մաեստրոն մահացել է Լոս Անջելեսի իր տանը 82 տարեկան հասակում: Երաժիշտն ընդհանուր առմամբ թողարկել էր 14 ալբոմ, որոնցից վերջինը լույս էր տեսել 2016-ի հոկտեմբերին:
Քոհենի երգերը հաճախ հայտնվում են ֆիլմերում՝ որպես սաունդթրեքներ, որոնցից բազմաթիվ քավըր տարբերակներ են ստանում:
News.am-ը հավաքել է ֆոլք-ռոքի լեգենդ Քոհենի՝ տարբեր տարիներին տված հարցազրույցներից լավագույն մեջբերումները:
Ես ծեր բանասեր եմ, որն այսօր ավելի լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիներին: Ահա թե դեմքի հետ ինչ է անում հետույքի վրա նստած լինելը:
Մի քանի տարի առաջ ես Բոբ Դիլանի հետ սուրճ էի խմում Փարիզում: Այն ժամանակ նա համերգներին կատարում էր «Hallelujah» երգը եւ ինձ հարցրեց, թե որքան ժամանակում եմ ես այն գրել: Ես ասացի. «Գրեթե ամբողջ 2 տարի»: Նա շոկի մեջ էր: Հետո մենք խոսեցինք նրա «I And I» երգի մասին, եւ ես հարցրի. «Որքա՞ն ժամանակ է քեզ պետք եղել այն գրելու համար»: Նա ասաց. «Գրեթե15 րոպե»: Ես քիչ էր մնում աթոռից ընկնեի: Բանն այն է, որ ես խաբել էի: Իրականում «Hallelujah»-ը ես գրել էի մոտ 5 տարում: Իհարկե, նա նույնպես ստել էր: Իրականում, երեւի, 10 րոպե էր պետք եղել նրան:
Եթե ես իմանայի, թե որտեղից են գալիս լավ երգերը, ես կփորձեի ավելի հաճախ լինել այնտեղ: Դա միստիկ վիճակ է: Դա շատ նման է կաթոլիկ միանձնուհու կյանքին: Դուք ամուսնացած եք գաղտնիքի հետ:
«There‘s truth that lives and truth that dies. I don’t know which, so never mind. There is no need that this survive, there’s truth that lives and truth that dies». Սա այն մեջբերումներից մեկն է («Nevermind» երգի, խմբ.), որոնք մնում են սրտի խորքում: Ես չեմ կարծում, որ կարելի է ինչ-որ կերպ միանշանակ վերլուծել, բացատրել կամ մեկնաբանել այն: Ինձ համար այն ուղղակի ճիշտ է հնչում: Կան որոշ ճշմարտություններ, որոնք նիրհի վիճակում են: Դուք միշտ չէ, որ կարող եք հասկանալ դրանց գտնվելու վայրը կամ դրանցից ինչ-որ օգուտ քաղել: Բայց նրանք ինչ-որ տեղ կան:
Ես բոլորովին էլ ինձ հոռետես չեմ համարում: Հոռետեսը նա է, ով սպասում է, որ ահա անձրեւ կսկսվի: Իսկ ես արդեն ոտքից գլուխ թրջված եմ ինձ զգում:

Կինն իր մարմնին տագնապով է նայում, ասես թե մարմինը անհուսալի դաշնակից է սիրո համար պայքարում:
Թույլ տվեք դատավորներին հիասթափվել արդարադատությունից, եւ նրանց դատավճիռներն ավելի ճիշտ կլինեն: Թույլ տվեք գեներալներին հիասթափվել հաղթանակից, եւ սպանությունը ամոթալի կհամարվի: Թույլ տվեք հոգեւորականներին հիասթափվել հավատից, եւ նրանց կարեկցանքն իրական կդառնա:
Որքան մեծանում եմ, այնքան պարզ է դառնում, որ ես այս շոուի հաղորդավարը չեմ:
Հոգնած լինելն ամոթ չէ:
Անքանությամբ տառապողի վերջին մխիթարանքը ննջող աշխարհի նկատմամբ գերազանցության զգացումն է:
.jpg)
Ամեն բան ճեղք ունի: Միայն այդպես լույսը կարող է ներս ընկնել:
Ես անասելի թեթեւություն եմ զգում այն բանից, որ չեմ մտահոգվում իմ երջանկության մասին: Թեպետ իհարկե, կան բաներ, որոնք ինձ երջանիկ են դարձնում. երբ ես տեսնում եմ, որ իմ երեխաների մոտ ամեն բան կարգին է, եւ երբ ես նայում եմ աղջկաս շանը: Եվ… մի բաժակ գինուց:
Ես երբեք չեմ քննարկում իմ կանանց եւ դերձակներին:
Կա մի քանի երգ, որոնք ես կուզեի ավարտել նախքան մեռնելս: Մասնավորապես մեկը: Դա հիանալի երաժշտություն է, բայց ես չեմ կարող դրա համար բառեր գտնել: Ես դրանք 15 տարի է՝ փնտրում եմ եւ շատ-շատ տարբերակներ եմ գրել: Եվ Աստված տա, միգուցե, ինչ-որ ժամանակ ես գտնեմ այդ բառերը:
Որոշ մարդիկ հոգում են այն մասին, որ իրենց աշխատանքը հավերժ տեւի, ես քիչ եմ հետաքրքրվում դրանով: Դուք երեւի գիտեք Բոբ Հոութի մասին այն հիանալի պատմությունը: Նրա կինը մի անգամ նրան ասել էր. «Ֆորեսթ Լաունի վրա գերեզմանի համար 2 հողակտոր կա: Մեկը նայում է գեղեցիկ կիպարիսներին, իսկ մյուսը՝ հովտին: Ի՞նչ ես կարծում, որը քեզ ավելի հարմար կլիներ»: Նա պատասխանել էր. «Զարմացրո՛ւ ինձ»: Մոտավորապես այդպես եմ ես ուզում, որ ինձ հիշեն: Զարմացրե՛ք ինձ:
.jpg)




























