Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտնել են, որ հայ լրագրող Արմեն Մարտիրոսյանը, որի պատճառով Կիեւ էին վերադարձրել «Բելավիա» ընկերության օդանավը, բողոքի ակցիաներ էր կազմակերպում երկրում՝ իրավիճակը ապակայունացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է ազգային պետական հատուկ ծառայության պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անատոլի Դուբլիկը, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։
«Հայաստանի քաղաքացի Մարտիրոսյանը որպես կանոն կուրորեն կամ նյութական պարգեւատրման դիմաց պահպանում էր կապ մեր երկրի քաղաքական շարժումների, նաեւ առանձին հասարակական կազմակերխությունների հետ, որոնք մասնակցում են բողոքի ակցիաների»,- ասել է Դուբլիկը։
Մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից ներողություն է խնդրել «Բելավիա»-ի օդանավի հետ տեղի ունեցած միջադեպի համար։
Հոկտեմբերի 21-ին «Բոյինգ» օդանավը թռել էր Կիեւի «Ժուլյանի» օդանավակայանից, սակայն շուտով հրահանգիչը պահանջել էր, որ անձնակազմը հետ շրջի օդանավը՝ սպառնալով հակառակ դեպքում օդ բարձրացնել ռազմական ավիացիա։ Օդանավի վայրէջք կատարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները Մարտիրոսյանին հանել էին օդանավից։ Որոշ ժամանակ հետո նրան ազատ են արձակել։ ՈւԱԾ –ում բացատրել են, որ օդանավին ստիպել են վայրէջք կատարել, որպեսզի ուժայինները կարողանային համոզվել, որ ազգային անվտանգությանը վտանգ չի սպառնում։
Կործանիչներ օդ բարձրացնելու սպառնալիքի մասին տեղեկությունը Կիեւը հերքում էր։ Սակայն Մինսկում օդաչուների խոսքը ապացուցելու համար հրապարակել էին հրահանգիչի հետ անձնակազմի հրամանատարի խոսակցության ձայնագրությունը։
Բելառուսական օդանավում 136 ուղեւոր կար ու անձնակազմի 6 անդամ։ Միջադեպի հետ կապված Մինսկը Կիեւին պաշտոնական բողոք էր ներկայացրել։
Նոյեմբերի 6-ին Մարտիրոսյանը հայտնել է, որ հայց է ներկայացրել ՈւԱԾ–ի դեմ, նոյեմբերի 4-ին էլ ՝ ուկրաինական իշխանությունների դեմ։ Երկու օր առաջ «Բելավիան» հայտնել էր, որ Կիեւը համաձայնել է փոքր փոխհատուցում վճարել օդանավի հետ տեղի ունեցած միջադեպի համար։




























