Հայաստանի գազափոխադրման համակարգի 20 տոկոսը 2013 թվականին «Գազպրոմին» վաճառելը մութ գործարք չէր։ Այս մասին նոյեմբերի 16-ի ԱԺ–ում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի հարցին։
Վերջինս հարցրել էր, թե «Գազպրոմի» խորհրդի նիստում այց հարցով ինչպես է քվեարկել ներկայիս վարչապետ, այն ժամանակվա «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը, եւ ինչպես կարելի էր այդ ռազմավարական կարեւոր ակտիվը վաճառել 300 մլն դոլար պարտքի դիմաց։
Դրան ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ Կառավարական ժամին պատգամավորների հարցերը պետք է վերաբերեն Կառավարության աշխատանքին, այլ ոչ թե նրա անդամների գործողություններին։ «Գործարքի մասին էլ ուզում եմ հիշեցնել, որ այն մի քանի փուլով է ընթացել։ Եվ հենց դրա արդյունքում էլ Հայաստանի համար գազի գինը մեծապես փոխվեց (սահմանին նվազեց)։ Իսկ գործարքը վավերացրել է խորհրդարանը»,– նշեց Դավիթ Հարությունյանը։




























