Երեւանի Կոնդ թաղամասի բնակիչների համար շենքը պատրաստ կլինի 2017-ի հոկտեմբերին։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ-ում ասել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։

Փոստանջյանը մտահոգություն էր հայտնել Կոնդ թաղամասի մոտ 1500 ընտանիքների բնակարանային հարցի կապակցությամբ։

Ի պատասխան՝ նախարարը հիշեցրել էր, որ Երեւանի կենտրոնում գտնվող ու հին մասնավոր տներով  Կոնդ թաղամասում առաջ ծրագրում էին կառուցապատման խոշոր ծրագիր սկսել, բայց Լիբանանից ներդրողը, որը աշխատանքը սկսել էր 2007-ին, չի կարողացել այն ավարտին հասցնել ու Կառավարությունը ստիպված է եղել փնտրել այն մարդկանց բնակարանային հարցերը լուծելու միջոցը, որոնց տները քանդվելու ենթակա են։

2017-ի հոկտեմբերի Կոնդի տարածքում շահագործման է հանձնվելու 1860 քառ մ մակերեսով շենք, որը նախատեսված է 70 ընտանիքների համար։

Երկրորդ շենքը՝ 1400-1500 քառ մետր մակերեսով, գուցեև չկառուցեն, քանի որ քաղաքացիների մի մասը նախընտրել է որպես փոխհատուցում կանխիկ գումար ստանալ։

Ընտանիքների այս խմբին արդեն վճարվել է 310 մլն դրամ, իսկ այս ամիս եւս 100 մլն է վչարվելու, հավելել է Լոքյանը։