Բաքվում շարունակվում է լուծարված Ազգային անվտանգության նախարարության Անվտանգության, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում վարչության նախկին պետ Աքիֆ Չովդարովի եւ նրա հետ կալանավորված աշխատակիցների դատավարությունը, հայտնում է haqqin.az–ը։
Դատական նիստի մեկնարկին Չովդարովն անմիջապես խոսքի իրավունք ուզեց եւ ասաց, որ հետ է կանչում իր փաստաբաններից հրաժարվելու մասին միջնորդությունը։
Փաստաբանները բազմաթիվ միջնորդություններ ներկայացրին, որոնց միայն ընթերցումը տեւեց 2 ժամ։ Դրանց մեծ մասը դատարանը մերժեց։
Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ դատական նիստն ընթանալու է առանց ընդմիջման, եւ որ մասնակիցները մնալու են առանց սննդի եւ ջրի։ Աքիֆ Չովդարովը շնորհակալություն հայտնեց նման «բարեգութ» արարքի համար։ «Պարո՛ն դատավոր, ես լավ գիտեմ, թե ինչով է ավարտվելու այս գործը։ Մի՛տանջեք այս մարդկանց (իր հետ մեղադրվող նախկին նախարարության բաժինների պետերին)», ես եմ ամեն բանում մեղավոր, նրանց բաց թողեք։ Ես կստորագրեմ ինչ–որ կասեք»,– ասել է Չովդարովը։
Դատավորը խոսքը տվել էր պետական մեղադրողին, որը սկսել էր կարդալ 60-էջանոց մեղադրական արձանագրությունը։ Դա նույնպես մի քանի ժամ էր պահանջում։ Այդ ընթացքում դատախազը բողոքել էր, որ մեղադրյալի փաստաբանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ։ Պարզվում է, որ փաստաբան Քյամանդար Նասիբովը մեղադրական եզրակացության ընթերցման ժամանակ սկսել էր կարկանդակներ ուտել։ Դատավորի զայրացած դիտողությանը նա պատասխանել էր, որ քանի որ ընդմիջում չի արվել, ինքն այդ պատճառով սովամահ լինել չի պատրաստվում։ «Ես հացադուլ չեմ հայտարարել»,– ասել էր Նասիբովը։
Դատավորը հետաձգել էր դատական նիստը։




























