Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչեւ 95.1% 2016-ի համար: Նշենք նաեւ, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:

«Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Գրիգորյանը նոյեմբերի 17-ին, Բրյուսելում եվրոպական դիվանագետների, լրագրողների եւ տարածաշրջանով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրային ընկալումների, միջազգային ճանաչման եւ հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրների վերաբերյալ անցկացված վերջին սոցհարցման արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է 2016 թվականի հուլիսին (ապրիլյան քառօրյա պատերազմից կարճ ժամանակ անց)՝ 1081 ընտրանքով, մայրաքաղաք Ստեփանակերտում եւ ԼՂՀ 7 շրջաններում: Հետազոտության արդյունքները համեմատական վերլուծության են ենթարկվել «Այ Փի Էս Սի»-ի կողմից 2015թ. մարտին ԼՂՀ-ում իրականացրած համանուն սոցհարցման արդյունքների հետ:

Ստացված տվյալները փաստում են որ վերջին մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության համախոհների թիվը: Այս հարցում նշանակալի միտումներ են նկատվել  բնակչության երիտասարդ եւ կրթված զանգվածի շրջանում: Վերջիններս մեծապես աջակցում են անկախությանը (18-ից 30 տարեկանների 61.2% անկախության կողմնակից են, բարձրագույն կրթություն ստացածների 53.6%-ը անկախության կողմնակից են):

Պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունը աճել է ավելի քան 2 նիշով, միաժամանակ բնակչության 78,6%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղը ճիշտ ուղու վրա է:

Խաղաղության եւ պատերազմի հիմահարցը շարունակում է մնալ բնակչության մտահոգության առաջնային խնդիրը հարցվածների կեսից ավելիի համար: Գործազրկության եւ ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրները համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերում են: Նշենք, որ բնակչության շրջանում արտագաղթի միտումները շատ ցածր տոկոս են կազմում:

Վերոնշյալի իրողության առնչությամբ Հովհաննես Գրիգորյանը մեկնաբանեց. «Հետաքրքական է, որ արտագաղթի միտումների տոկոսային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում ամենացածրն է Հարավային Կովկասի երկրների հետ համեմատությամբ: Փաստորեն, Ղարաբաղի բնակչությունը, չնայած ապրիլյան լայնամասշտաբ գործողություններին, մտադիր է մնալ երկրում եւ պայքարել անկախության համար, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բնակչության, որտեղ նկատվում են արտագաղթի միտումների բարձր տոկոսայնություն»:

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի բնակչության քաղաքական հասունության մակարդակը. «Քառօրյա պատերազմը» փոխեց իրադրությունը, բայց դա հիմնավոր փոփոխություն չէր: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շատ հասուն մոտեցում է ցուցաբերում իր դիրքորոշման մեջ, հատկապես Արցախի հանրապետության անկախության ճանաչման առումով»: Պարոն Էնգելի կարծիքով, չնայած ժողովուրդը ավելի շատ է սկսել քննադատել իշխանություններին, այդուհանդերձ, ուժեղ լոյալություն է դրսեւորում սեփական երկրի հանդեպ, իսկ իրավիճակի հետագա հնարավոր սրումները ավելի կուժեղացնեն այդ միտումները: