Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 18-ին, ընթանում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը՝ հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի իր բնակարան ներխուժելու դեմ:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանում ներկայացրեց իր պաշտպանյալի բողոքը՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցներն իր պաշտպանյալի կամքին հակառակ ներխուժել են նրա բնակարան: Կարո Եղնուկյանն այդ ընթացքում փորձել է թույլ չտալ՝ ասելով, որ ոստիկանության աշխատակիցներն  իրավունք չունեն ներխուժել իրենց տուն՝ առանց քննիչի որոշման, սակայն, ոստիկանության երեք աշխատակից ուժով մուտք են գործել նրա բնակարան:

Կարո Եղնուկյանը դատարանում եւս ներկայացրեց  դեպքի մանրամասները՝ նշելով, որ հունիսի 30-ին Տիգրան Պետրոսյան անունով ոստիկանության աշխատակիցը գնացել է իրենց տուն կնոջը՝ Ռուզան Եղնուկյանին բերման ենթարկելու, ինքն ասել է, որ կինը տանը չէ:  1-2 ժամ անց նույն ոստիկանը երկու այլ ոստիկանի հետ ավելի ուշ կրկին գնացել են նրա տուն եւ առանց թույլտվության ներխուժել են դռան շեմից ներս: Կարո Եղնուկյանը փորձել է փակել դուռն իր մարմնով, ներս չթողնել նրանց, սակայն, ոստիկանները հրել են դուռը եւ բացել այն: Տեսաձայնագրող սարքերը՝ շենքի մուտքում տեղադրված եւ ներսից նկարած, ֆիքսել են տեղի ունեցածը, որոնք ապացուցում են իր ասածները: