Հայաստանի կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց պետական ծառայողներին 175 նոր բնակարանով ապահովելու մասին: Նախատեսվում է մեկ բազմաբնակարան շենք կառուցել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Վերջինը բնակարանների շուկայական գների մակարդակով Երեւանում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ «էլիտար» Կենտրոնից հետո:
Պետական ծառայողների համար նոր բնակարանների 1 ք.մ.-ի արժեքը 310 հազար դրամ կկազմի, եթե ներքին հարդարման աշխատանքներ արվեն: Կարելի է հաշվարկել մոտավոր արժեքը. 65.4 ք.մ. մետր ստանդարտ բնակարանի գինը կկազմի շուրջ 20.3 մլն դրամ կամ, ընթացիկ փոխարժեքով, 42.3 հազար դոլար: Պետության այս նախաձեռնությունը, իհարկե, կարելի է ողջունել, քանի որ, պաշտոնյաներին արտոնյալ գներով բնակարան տրամադրելուց բացի, աշխատանքով են ապահովվում շինարարական բրիգադներ: Իսկ դա մեր օրերում, հաշվի առնելով ոլորտի իրավիճակը, հազվագյուտ հնարավորություն է:
Հայտնի է, որ մեր երկրում բնակարանային շինարարությունը մեր երկրում ինչ-որ առումով ոլորտի լոկոմոտիվն է: Հիշեցնենք, որ անկախության տարիներին այս ոլորտում ռեկորդային էր Հայաստանի համար նախաճգնաժամային 2008 թվականը: Հետաքրքիր է, որ նոր դարասկզբից Հայաստանում դոլարի միջին տարեկան ամենացածր փոխարժեքը գրանցվել է հենց այդ տարվա ընթացքում: Դրանից հետո դոլարն ամրապնդել է դիրքերը, իսկ շինարարությունը (այդ թվում՝ բնակարանաշինությունը)՝ կրճատվել: Ներկայում, 2008 թվականի համեմատ, շինարարության միջին ծավալը կիսով չափ կրճատվել է:
2005-2015 թվականներին Հայաստանում շահագործման է հանձնվել 225 բնակելի շենք, որոնք կառուցվել են կազմակերպությունների միջոցներով: Միաժամանակ, բնակչության միջոցների հաշվին կառուցվել է 7.7 հազար առանձնատուն՝ միջինը 336 ք.մ. մակերեսով:
Անցյալ տասնամյակի բնակարանային բումը բնորոշ էր ոչ միայն Հայաստանին, այլեւ հետխորհրդային շրջանի մի շարք այլ երկրների: Խորհրդային ժամանակների սահմանափակումներից հետո (որոնք, իհարկե, այն ժամանակ հաճախ շրջանցում էին) հարուստ քաղաքացիերը հնարավորություն ստացան բնակարան ձեռք բերել՝ իրենց ճաշակին եւ ֆինանսական հնարավորություններին համապատասխան: Բայց պահանջարկի առաջին ալիքն անցավ եւ կանգ առավ: Այդ պատճառով կառավարությունը փորձում է համեմատաբար ոչ մեծ ծավալներով շտկել իրավիճակը:
Սմբատ Գրիգորյան




























