Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ տիկին Լալան, ահազանգում է՝ ամուսինն առողջական խնդիրներ ունի, սակայն, կալանավայրում համապատասխան բուժում չի ստանում: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր ամուսինը խնդիրներ ունի ողնաշարի հետ, որը կալանավայրի պայմանների պատճառով ավելի է վատթարացել:
«ՔԿՀ-ի բուժմասում հետազոտվել է, ասել են՝ դիսկերի հետ խնդիր ունի, բայց ոչ մի բուժում չեն նշանակել: Բացի այդ նա ճնշման խնդիր ունի: Ամուսնուս հանդեպ խոշտանգում է, որ նրան մինչեւ հիմա անազատության մեջ են պահում՝ այդ պայմաններում»,-ասաց նա:
Տիկին Լալայի խոսքով, ամուսնու կալանավորումից հետո ինքն ու իր անչափահաս երեխան ապրում են սոցիալական ծանր պայմաններում, քանդված տանը եւ այս եղանակին չջեռուցվող սենյակներում։
Հիշեցնենք, որ ըտ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:
Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։




























