Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Երեւան քաղաքի Վաղարշյան եւ Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում` Վաղարշյան փողոցով Կոմիտասի պողոտայի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող հատվածում հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 3-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը եւ դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ՝ Վաղարշյան փողոցով Դավիթաշենի կամրջի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների համար առկա ձախ եզրային 3-րդ գոտին նույնպես կառանձնացվի հետադարձի եւ դեպի Խաչատրյան փողոց ձախ շրջադարձի համար, իսկ Խաչատրյան փողոցով դեպի տվյալ խաչմերուկ երթեւեկությունը կկազմակերպվի 2 երթեւեկելի գոտիով, որի ձախ եզրային 2-րդ գոտուց կարելի կլինի կատարել հետադարձ կամ ձախ շրջադարձ դեպի Վաղարշյան փողոց:
Տրանսպորտային միջոցների երթեւեկության խցանումներից խուսափելու նպատակով նշված խաչմերուկի հարակից հատվածներում՝ Խաչատրյան փողոցի վրա կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:





























