Թուրքիան Սառը պատերազմից սկսած ՆԱՏՕ-ի անքակտելի մասն է եւ շարունակում է քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերել դաշինքին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ՆԱՏՕ-ն անվտանգության հարթակ է, որը միավորում է ժողովրդավարական արժեքների զարգացման գաղափարներով կախված երկրների: Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի կառուցվածքում թվաքանակով երկրորդ բանակն ունի, Սառը պատերազմի ժամանակներից ի վեր դաշինքի անքակտելի մասն է դարձել»,- Ստամբուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Էրդողանը: Այն հեռարձակել է NTV հեռուստաալիքը:

Նրա խոսքով՝ Անկարան հենց սկզբից հանդես է եկել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին, սատարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հետեւել Ղրիմում մարդու իրավունքների խախտումների դեպքերին:

«Մենք նոր կարեւոր ազդակ հաղորդեցինք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, առաջնահերթ ենք համարում տարածաշրջանային խնդիրների կարգավորումը»,- հավելել է Թուրքիայի նախագահը: