Երեւանում տեսչական ստուգումներ են իրականացվել 97 բենզալցակայանում: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների եւ ընթացիկ աշխատանքների մասին: Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայության ստորաբաժանումներն արձագանքել են 70 դեպքի. ինչպես նաեւ՝ նոյեմբերի 14-18-ը Երեւան քաղաքում իրականացվել են քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր ստուգումներ:

Անդրադառնալով նախարարի՝ գազալցակայաններում եւ բենզալցակայաններում իրականացվող ստուգումների հանձնարարականին՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց Երեւան քաղաքի բենզալցակայանների ստուգումների արդյունքների մասին: Ներկայացնելով ամփոփ տվյալները՝ Ա. Մկրտչյանը հավելեց, որ արդեն 97 բենզալցակայանում իրականացվել են ստուգումներ եւ կազմվել են համապատասխան արձանագրություններ. հիմնական խախտումները քաղաքաշինության նորմերի պահպանման ոլորտում են:

Նախարարը հանձնարարեց շարունակել ստուգումները եւ խախտումներ արձանագրելու դեպքում անմիջապես զեկուցել: