Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքները ամեն օր ընդլայնվում են 500 մետրով:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԻՆ-ում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր զեկույցում նշել է, որ արդեն 22-րդ օրն է շարունակվում են երիտասարդի որոնողական աշխատանքները:

Ամեն օր որոնողական աշխատանքներն ընդլայնվում են 500 մետրով, մոտորանավակներով փրկարարները շրջում են ափամերձ տարածքներում: Նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ ջրափրկարարական գույքը համալրվել է ստորջրյա սկուտերով, որն աշխատում է մինչեւ 40 մ խորությամբ եւ կարող է 75 րոպե մնալ ջրում: Սկուտերը հնարավորություն կտա ջրասուզակին արագ եւ առավել լայն շառավղով իրականացնել որոնողական աշխատանքները, ինչպես նաեւ՝ խնայել ուժերը: ՄՓՎ պետը նշեց նաեւ, որ խստորեն հետեւում են նախարարի հանձնարարականին՝ ըստ որի որոնողական աշխատանքերը չեն դադարի եւ կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան: