Զինվորականների ապահովագրության համար ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից 1000-ական դրամ պահելու մասին օրինագիծն իշխանությունների կողմից անհաջող փորձ է առաջիկա ընտրություններին լրացուցիչ ձայներ ստանալու համար։ Այս մասին նոյեմբերի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ բոլորը միաձայն պնդում են, որ դա անհրաժեշտ է։ «Երեւույթը դրական է, սակայն կազմակերպման ձեւը հասարակության նկատմամբ անփութության տարր է պարունակում։ Կարելի էր կամավոր շարժում սկսել։ Դա կարող էր ընդունելի տարբերակ լինել։ Օրինագծի նկատմամբ քննադատությունը տեղին է։ Ինչու են իշխանությունները շտապել, ես չգիտեմ։ Չեմ կարծում, որ հիմա նման ֆոնդ ստեղծելու սուղ անհրաժեշտություն կա»,– ասաց Խաչատրյանը։
Նրա կարծիքով սխալ է եղել հենց ձեւակերպման պլանում։ «Ես վստահ եմ, որ իշխանությունը սխալվել է՝ ընտրելով այդ անընդունելի ձեւը։ Եթե դա պայմանավորված է նախընտրական փուլով, ապա դա առհասարակ սխալ քայլ է»,– ընդգծեց Վիգեն Խաչատրյանը։ Մարդկանց դժգոհությունը, ըստ նրա, պայմանավորված է ոչ թե նրանով, որ քաղաքացիները չե ուզում մասնակցել զինծառայողների աջակցությանը, այլ նրանով, որ դա ստիպողաբար է։ «Կարելի է առանց այդ ֆոնդի անհրաժեշտ միջոցներ հավաքել։ Մարդկանց հարկադրելը ճիշտ չէ։ Դրանից ոչ ոք չի շահի։ Խոսքը փողի մասին չէ։ Բանը ոչ այնքան անվստահությունն է, որքան ստիպելը։ Դա սխալ մոտեցում է»,– ասաց նախկին պատգամավորը։




























