«Երրորդմասցի Լյովիկի եւ երկու ընկերների» սպանության գործով ամբաստանյալներից Սարգիս Գրիգորյանը` Ծգլը, այսօր` նոյեմբերի 22-ին, առաջին անգամ խոսեց դատարանում:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը բորբոքված է, քանի որ «տելեվիզորով ասում են, թե Հախանումյանի եղբայրն ինչ-որ բան է արել»:

«Թող մեղադրող դատախազի վրա շառ անեն, գնա, 15 օր նստի ԱԱԾ-ում, իմանա` դա ինչ ա, տեսնենք` կդիմանա: Պատկերացրեք` բերդում նստած ես, իմանում ես` մեր ընկերոջը զրպարտում են, քար պիտի լինես, որ դիմանաս... ըսենց էլ էս են անում, բա էս մարդիկ չիմանան` իրանց տղաներին ով ա սպանել: Կիմանաս հաստատ, բա չիմանան` իրանց իրական թշնամիներն ովքեր են»,- ասաց Ծգլը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներից Սարգիս Հախանումյանի եղբայրն օրեր առաջ բերման էր ենթարկվել, նա կասկածվում էր Շենգավիթում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը մասնակցելու մեջ:

«Բա որ այդ մարդկանց ընտանիքներին ինֆարկտ խփեր... մենք էլ էլի բերդում նստած էինք, եկել ասում էին` 2015թ. մարտի 29-ին սպանություն եք արել»,- ավելացրեց բարկացած ամբաստանյալը:

Դատավորը հորդորեց նրանց բոլորին` երբ ուզում են խոսել, հանգիստ թույլտվություն վերցնեն եւ արտահայտեն իրենց մտքերը:

Նշենք, որ առաջին անգամ է, որ այս գործով ամբաստանյալներից որեւիցե մեկը հայտարարություն է անում:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: