Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 22-ին, շարունակվեց հրապարակվել «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով առկա ապացույցները:

Դատարանում ցուցադրվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած սպանության վայրի տեսագրությունը: Հետաքրքիր է, որ տեսանյութում առկա անձանց դեմքերը հստակ չէին երեւում, մինչդեռ քննիչն ու ընթերակաները նշել են, թե այնտեղ պատկերված են ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանն ու Սարգիս Հախանումյանը:

«Ինչպես կարող էր ընթերական անուններ տար, եթե չի երեւում ոչինչ»,- ասաց ամբաստանյալների փաստաբաններից Լուսինե Սահակյանը:

Հաջորդը ցուցադրվեց Նուբարաշեն խճուղում գտնվող խանութ- սրահի տեսախցիկների տեսագրությունը, որով մեքենան անցնում է այնտեղով ժամը 13:48 րոպեն է, իսկ մինչ այդ ցուցադրված տեսանյութով մեքենան ՔԿՀ-ի մոտ է արդեն ժամը 13:48-ին:

«Քննիչն ասում է` երկու րոպեով հետ է այս տեսախցիկը, բայց ինչպես կարող էր նա այդ պահին նման բան հայտարարել, դա կարող է միայն փորձագետն ասել»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Դատարանն այսօր հետազոտեց նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետի եւ «Լունա» սրահի տեսախցիկների տեսագրությունները, որոնցում նույնպես հստակ որեւէ դեմք չէր երեւում: Ինչպե՞ս կարող են սրանք ապացույց համարվել. մեղադրող դատախազը հորդորում է սպասել. ապացույցների ուսումնասիրությունից հետո յուրաքանչյուրն իր դիրքորոշումը կհայտնի:

Նշենք, որ ամբաստանյալներից Սարգիս Հախանումյանի եղբայրը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել եւ ճանաչել երեք ամբաստանյալներին էլ, մինչդեռ դատարանում ակնհայտ դարձավ, որ ոչ մեկի դեմքը չի երեւում: Խոսակցություններ կային, որ Հախանումյանի եղբորից բռնությամբ են ցուցմունք վերցրել:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: