Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ նախագծերի Ճանապարհային քարտեզ կմշակվի: Այս մասին նշվել է նոյեմբերի 22-ին, Երեւանում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանի եւ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպման ժամանակ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Կարայանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու վարչապետի հետ ավելի վաղ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը: Սուրեն Կարայանի խոսքով, ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ երկու երկրների համար կարող է արդյունաբերության զարգացման լավ ուղղություն դառնալ:
Իր հերթին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին հրավերի, ինչպես նաեւ «Անտրիկոնտրաֆակտ 2016» համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Դենիս Մանտուրովը եւս խոսել է երրորդ երկրներ արտահանման հնարավորությունների մասին եւ այս համատեքստում կարեւորել գործարարների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի առաջարկությամբ կողմերը պայմանավոեւվել են փոքր եւ միջին ձեռնարկատիրության համատեղ նախագծերի ճանապարհային քարտեզ մշակել:
Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Կարայանն իր գործընկերոջը ներկայացրել եւ նվիրել է հայկական արտադրության Armphone հեռախոսը:
Օրվա ավարտին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախարար Դենիս Մանտուրովը գրառում է թողել Ցեղասպանության թանգարանի հուշագրքում:




























