Ատոմակայանից 783 մլն դրամ հափշտակելու համար դատապարտված, սակայն պատիժը պայմանականորեն չկրող պաշտոնյաները առաջին ատյանի որոշումը չեն բողոքարկել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն արդեն մտել է ուժի մեջ:

Մեղադրյալները նախաքննության ընթացքում փոխհատուցել են հափշտակած ամբողջ գումարը: Նշենք, որ ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 5 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման։ Նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանն էլ դատապարտվել է 4 տարի 1 ամիս 7 օրվա ազատազրկման, ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը` 4 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանը, սակայն, որոշել է նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ի դեպ, նրանց առաջադրված մեղադրանքը նախատեսում է ազատազրկում 5-8 տարի ժամկետով:

Ստացվում է, որ Հայաստանում «կարելի է» այդքան մեծ գումար հափշտակել եւ դրա համար պատիժ չկրել: Թե ինչու են այդ անձինք հայտնվել արտոնյալի կարգավիճակում, պարզ չէ:

Հիշեցնենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը եւ վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասը, որը հետագայում ամբողջությամբ հատուցվել է:

Բոլոր մեղադրյալները ստորագրությամբ ազատ են արձակվել: