Այս տարվա նոյեմբերի 14-ից սկսած հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 120 բենզա եւ գազալցակայաններում, որոնցից 115-ի դեպքում կազմվել է արձանագրություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը։
«115-ի դեպքում կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու խախտելու վերաբերյալ, իսկ 3-ի դեպքում «Տեխնիկական անվտանգության ապահովամն պետական կարգավորման մասին» օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ։ Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում»,-ասել է Աշոտ Մկրտչյանը։
Բենզալցակայաններում արձանագրվել են հետեւյալ թերությունները․ Չեն պահպանվել բենզալցակայանից մինչեւ հարակից շենքերի ու շինությունների միջեւ պահանջվող հակահրդեհային միջտարածությունները։ Արտաքին հրեհաշիջումն ապահովված չի եղել սահմանված նորմին համապատասխան։ Էլեկտրատնտեսությունը մոնտաժված չի եղել էլեկտրական սարքավորուննների տեղակայման կանոնների համաձայն։
Ըստ ԱԻՆ պաշտոնական տվյալների՝ 2016 թվականի ընթացքում 3 բենզալցակայնում եւ 9 գազալցակայանում է տեղի ունեցել արտակարգ պատահար։ Ողբերգության հետեւանքով զոհվել է 2 մարդ, վնասվածքներ ստացել 6 քաղաքացի։




























