ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ազատվելն անսպասելի չէր: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ գործում է ռոտացիայի սկզբունքը: «Նրա իրավասությունների ժամկետը սպառվել էր, եւ նրան փոխարինեցին»,- նշեց Քոչարյանը:
Ի պատասխան հստակեցնող այն հարցին, որ ընկերությունը, որտեղ Ջեյմս Ուորլիքը մտադիր է իր աշխատանքային գործունեությունը շարունակել, կապված է Վլադիմիր Պուտինի հետ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ համանախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ուորլիքն ազատ է իր կյանքն այնպես տնօրինել, ինչպես իրեն հարմար է:
Նա նշեց, որ ճիշտ է, նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ներկայացնում է միակողմանի մոտեցման օրինակ: Ուորլիքի դեպքում ապագան ցույց կտա, հավելեց Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը կոչ արեց ընդհանուր առմամբ չգերագնահատել համանախագահ նշանակվող անձերի կարեւորությունը: «Երկրի քաղաքականություն կա, եւ նշանակված անձինք այն կատարում են: Համանախագահի փոփոխությունը չի նշանակում, որ նոր եկած մարդը զրոյից է սկսելու: Նա նախապես ծանոթանում է գործընթացի հետ եւ հայտնվում է գոյություն ունեցող «հոսանքի» մեջ: Իհարկե, երբ խոսքը նախագահի (ԱՄՆ) մասին է, իրավիճակը փոքր-ինչ այլ է: Կան կայացած ինստիտուտներ եւ փորձագիտական խմբեր, ուստի քիչ հավանական են շատ կտրուկ քայլերը: Սակայն նախագահի իրավասություններն այլ են, եւ որոշ փոփոխություններ հնարավոր են»,- նշեց Շավարշ Քոչարյանը: