Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ ոչ մի կապ չունի։ Այս մասին նոյեմբերի 23-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Զարգացնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջին հարցազրույցի ժամանակ հայտնած միտքը, որ Բաքվի հետ պետք է ուղիղ հեռախոսային շփում լինի, Քոչարյանը հիշեցրեց, որ թեժ գիծը տարբեր մակարդակներով գործում էր մինչեւ 1994 թվականը։

«Անգամ հրամանատարների միջեւ։ Անգամ մարտական գործողությունների ժամանակ»,– նշեց Քոչարյանը։

Սակայն նրա խոսքով՝ հիմա կարելի է խոսել միայն բարձր մակարդակով թեժ գծի մասին։ «Եթե միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կիրառվեն եւ ընդլայնվեն դեսպան Կասպրշիկի թիմի լիազորությունները, ապա որպես լրացուցիչ վստահության միջոց՝ կարելի է թեժ գիծ սահմանել հրամանատարների միջեւ»,– նշեց Քոչարյանը։