Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով հերթական դատական նիստն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրկին հետաձգվեց․ չէր հաջողվել գործով միակ վկա Վարդգես Մովսիսյանին դատարան բերման ենթարկել։
Գործով միակ վկան Վարդգես Մովսիսյանն է, որն ամբաստանյալի անձնական խուզարկությանը մասնակցած ընթերական է։ Ըստ դատարան ներկայացված պարզաբանման` Մովսիսյանը նախորդ նիստին բերման է ենթարկվել, սակայն նիստը տեղի չի ունեցել: Դատավորը, սակայն, ընդգծեց` նախորդ նիստը կայացել է, տեւել է մոտ կես ժամ, իսկ վկան այդպես էլ չի ներկայացել:
Նիստին չէր ներկայացել նաեւ մյուս ընթերական՝ Հարություն Գասպարյանը, որը, սակայն, գործով վկա չէ, ըստ մեղադրող կողմի, նախաքննական մարմինն անհրաժեշտություն չի տեսել նրան հարցաքննելու։ Գասպարյանի տվյալներով անձ գոյություն չունի: Դատախազը միջնորդեց անձնական խուզարկության արձանագրությունը կազմած անձի վերադասից պարզաբանում պահանջել` ինչպես են ստուգվել այդ ընթերակայի տվյալները, եթե ռեգիստրում նման անձ գրանցված չէ: Ամբաստանյալի պաշտպան Երվանդ Վարոսյանը դեմ արտահայտվեց միջնորդությանը` նշելով, որ այն չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից: Դատարանը միջնորդությունը մերժեց, միեւնույն ժամանակ որոշեց Հարություն Գասպարյանին բերման ենթարկել դատարան:
Ինչ վերաբերում է Վարդգես Մովսիսյանին, դատավորը որոշեց կրկին նրան բերման ենթարկել:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի յոթին:
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին, երբ Երեւանի Խորենացի փողոցում ցույցից հետո ընտանիքով վերադառնալիս էր եղել տուն: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահել):
20 օր անազատության մեջ մնալուց հետո Արմեն Միքայելյանն ազատ էր արձակվել:




























