Գազա եւ բենզալցակայաններում կատարված ստուգումների հետեւանքները հայտնի կլինեն 2017 թվականին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը։
Մեր հարցին, թե այդ ստուգումների արդյունքում եղե՞լ են այնպիսի բացահայտումներ, որ պետք է ապամոնտաժվեն գազալցակայաններ, որոնք գտնվում են շենք-շինությունների հարակից տարածքում, Մկրտչյանը պատասխանել է․
«Հետեւությունները կարվեն 2017 թվականին, առայժմ մենք նախազգուշացնում ենք։ Ինչ վերաբերում է ապամոնտաժելու վերաբերյալ հարցին, մենք չենք կարող զգուշացում տալ։ Մենք տալիս ենք նախազգուշացում, որտեղ հստակ նշված են թերությունները, որոնք չվերացնելու դեպքում նոր խոսքը կլինի շահագործումը դադարեցնելու մասին»:
Հարցին, ԱԻՆ-ը որպես պատասխանատու մարմին՝ նորմա՞լ է համարում Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան հարեւանությամբ գործող գազալցակայանի առկայությունը, կամ Հերացի փողոցում գտվողը, որտեղ օրեր առաջ հրդեհ էր բռնկվել, նա պատասխանել է․ «Մենք ապամոնտաժմամբ չենք զբաղվում, մենք շահագործումն ենք դադարեցնում։ Մենք բոլորին զգուշացրել ենք, որ թերությունները վերացվեն։ Մեզ համար խնդիր է դառնում շահագործումը դադարեցնել եւ ապահովել անվտանգ վիճակ։ Մենք էլ ենք անհանգստացած, հետեւաբար այս միջոցառումներն ուղղված են դրանք վերացնելուն»,-ասել էնա։




























