Դիլիջանում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո նոյեմբերի 18-19-ին կայացել է Բիզնես ինովացիոն ֆորումը, որտեղ ներկայացվել են ինովացիոն էկոհամակարգի ժամանակակից մոդելները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ռազմավարական նշանակության միջոցառումներից է, որն արդեն անց է կացվում 4-րդ տարին անընդմեջ:
Ամենամյա բիզնես ինովացիոն ֆորումը դարձավ Հայաստանի ինովացիոն զարգացման հիմնական մարտահրավերների քննարկման, ինչպես նաեւ լուծումների առաջադրման հարթակ։ «Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը իր առջեւ խնդիր է դրել ապահովել Հայաստանի առաջնակարգ դիրքերը աշխարհի ինովացիոն քարտեզի վրա` ձգտելով Հայաստանը դիրքավորել 20 ամենանորարար երկրների շարքում։ Բիզնես ինովացիոն ֆորումի քննարկման առարկան այս հավակնությունն իրականություն դարձնելու ուղիների քննարկումն էր», - նշեց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Ֆորումի ընթացքում ներկայացվեցին ինովացիոն էկոհամակարգի ժամանակակից մոդելները, հիմնական խոսնակները ներկայացրեցին իրենց երկրների՝ Գերմանիայի, Իսրայելի, Թայվանի, Ռուսաստանի եւ Բուլղարիայի փորձը, ներկայացվեցին հայաստանյան լավագույն նախաձեռնություններն ու բիզնեսները։
Բիզնես ինովացիոն ֆորումն ընթացավ մեծ հաջողությամբ՝ արձանագրելով մասնակիցների թվի էական աճ, այդ թվում նաեւ միջազգային մասնակցության։ Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցեցին տեխնոլոգիական, կրթական եւ ձեռներեցության ոլորտների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչներ:
Ինովացիոն ֆորումի հաջողության ապահովման մեջ մեծ դեր ունեցավ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ եւ ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Ֆորումի գործընկերներն էին ՀՀ կառավարությունը, ԱՄՆ ՄԶԳ Տարածաշրջանային տնտեսական զարգացում ծրագիրը, Հայաստանում Իսրայելի դեսպանատունը, Ամերիաբանկը եւ Բեթ Քոնսթրաքթ ընկերությունը:




























