Կառավարությունն ընդլայնել է պետական ծառայությունների ցանկը, որոնք կարելի է ստանալ մասնավոր օպերատորների միջոցով: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցանկին կավելանա փոխադրամիջոցի սեփականության նոր վկայականի (հնի փոխարեն), նոր տեխանձնագրի (կորցրածի փոխարեն), նաեւ նոր պետհամարանիշերի (մաշվածի փոխարեն) տրամադրումը: Հովհաննիսյանի խոսքով՝ օպերատորների աշխատանքի առաջին օրերին՝ երկուշաբթի եւ երեքշաբթի, քաղաքացիներն արդեն դիմել են դատվածություն չունենալու տեղեկանք ստանալու, ինչպես նաեւ մասնավոր ձեռնարկատեր գրանցվելու համար: Պետական ծառայությունների օպերատորներ կարող են լինել բանկերը, փոստային օպերատորները, այլ կազմակերպություններ: Նրանք պետք է ունենան արդյունավետ սպասարկման ոչ պակաս 5 տարվա փորձ եւ Հայաստանի տարածքում 10-ից ոչ պակաս սպասարկման կենտրոն:
Այս ցուցակի մեջ են արդեն մտել «Հայփոստ» օպերատորը, ինչպես նաեւ երեք բանկեր՝ «Արդշինբանկը», «Կոնվերսբանկը» եւ «Ամերիաբանկը»: Նախապես ծառայության ցանկում ներառված էին Պետռեգիստրի եւ անշարժ գույքի կադաստրի փաստաթղթերն ու տեղեկանքները: Այստեղ են մտնում մասնավորապես կոմերցիոն ձեռնարկությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի գրանցման սպասարկումը (ինչպես նաեւ ձեռնարկության լուծարման դիմումները), հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների գրանցումը: Կադաստրի գործառույթներից հասանելի կդառնա սեփականության իրավունքի գրանցումը, նաեւ սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրումը:



























