Այս տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի եւ խաթարեց ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը: Այս մասին, նոյեմբերի 24-ին, Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի տիկին գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված զեկույցը: Անտանանարիվուի հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի մեր պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ուշադրությանը, հստակ կերպով մատնանշում է մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ուրվագծում առաջիկա երկու տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի կողմից իրականացվելիք գործողությունների բավականին հավակնոտ մի ճանապարհ:
Կազմակերպության քաղաքական օրակարգի կենտրոնում պետք է լինեն մեր հասարակությունների առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են՝ ճգնաժամերի կարգավորումը, զարգացման անհավասարությունների հաղթահարումը, անհանդուրժողականության երեւույթների կանխարգելումը, կլիմայական փոփոխությունների բացասական հետեւանքների դեմ պայքարը:
Այս առումով հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի առաջարկվող լուծումները հենվեն մեր հիմնարար արժեքների համակարգի վրա՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխության եւ բազմազանության:
Առկա մարտահրավերներն ու ճգնաժամերն առաջնային են դարձնում միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հրամայականը։
Հանդուրժողականության ու երկխոսության մշակույթը մշտապես խթանման կարիք ունեն:
Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՖՄԿ գլխավոր քարտուղարի նպատակասլաց ջանքերը, որոնք ուղղված են Ֆրանկոֆոնիայի արժեքների առաջ մղմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցաբար՝ ճգնաժամերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելուն։
Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար պայքարը պետք է շարունակի մնալ մեր կազմակերպության առանցքային առաջնահերթություններից:
Սա նաեւ այն է, ինչին Հայաստանը ձգտում է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես գիտեք, 2016թ․ ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի եւ խաթարեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը:
Մենք շնորհակալ ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ բոլոր կողմերին ուղղված՝ 1994թ. կնքված զինադադարը հարգելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հարատեւ լուծման վերաբերյալ կոչերի համար՝ ի հավելումն Կինշասայի եւ Դաքարի գագաթաժողովներին Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարարություններին:
Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Միսկի խմբի համանախագահների կողմից որպես անբաժանելի միասնություն առաջարկված սկզբունքների վրա, հատկապես նրանց, որոնք առնչվում են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքին ՝ որպես այս հակամարտության հավասարակշռված եւ հարատեւ հանգուցալուծման հիմք:
Մեր հասարակությունների առջեւ ծառացած սպառնալիքների թվում չենք կարող չհիշել ահաբեկչության չարիքը, որը սպառնում է մեր անդամ երկրների մի մասին: Ֆրանկոֆոն ընտանիքը պետք է մոբիլիզացված մնա ահաբեկչության դեմ տարվող պայքարում: Տիկին գլխավոր քարտուղար, շնորհակալ ենք այս ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնած լուրջ քայլերի համար:
Արժեւորում ենք Ձեր գործունեությունը՝ ուղղված երիտասարդությանը Ֆրանկոֆոնիայի մարդասիրական գաղափարների շուրջ համախմբելուն եւ մեր կազմակերպության գործունեության մեջ նրանց առավել ներգրավմանը: Այս առթիվ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ 2015թ․ հոկտեմբերին Երեւանում կայացած նախարարական համաժողովը հանդիսացավ նմանօրինակ մի նախաձեռնության հիմք՝ ընդունելով բանաձեւ՝ Ֆրանկոֆոնիայի հաստատությունների գործունեությանը երիտասարդության մասնակցության մասին:
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում՝ համագործակցության եւ երկխոսության այս տարածքում, որի հիմքում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը եւ համերաշխությունը»:


























