Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու համար նախօրեին 3 տարով ազատազրկված, սակայն պատիժը պայմանականորեն չկրող Արեգ Սադոյանը, որը Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին է, մտադիր է շարունակել մասնակցել ակցիաների:

«Ես իմ մեղավորությունն ընդունում եմ, դատարանում էլ այդ մասին ասացի: Մտադիր եմ շարունակել մասնակցել բողոքի ակցիաների, սակայն այլեւս նման բան չի կրկնվի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Արեգ Սադոյանի խոսքով` ինքը նախկինում էլ է ակցիաների մասնակցել, սակայն հուլիսի 20-ին դիտավորություն չի ունեցել որեւէ մեկին վնասելու: Նշենք, որ ըստ մեղադրանքի` Արեգ Սադոյանն այդ օրը փորձել է ոստիկանի վահան խլել: Նույնիսկ դատախազ Հայկ Պետրոսյանի կարծիքով, Սադոյանը դիտավորություն չի ունեցել:

Գործով մյուս ամբաստանյալ, նույնպես երեք տարով ազատազրկման դատապարտված, սակայն պատիժը պայմանականորեն չկրող Ռաֆայել Կարագոզյանի փաստաբան Լիանա Մանսուջանյանի համար Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անսպասելի էր:

«Հայաստանում որպես կանոն դատավորները մեղադրողների միջնորդած պատժաչափն են նշանակում: Մեղադրողն իմ պաշտպանյալի համար 3 տարվա ազատազրկում էր պահանջել, մինչ դատարանը բավարարեց իմ միջնորդությունը` որոշում կայացնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: Ես վճռից գոհ ենք»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Ռաֆայել Կարագոզյանը ոստիկանության ներքին զորքերում է ծառայել: Մեղադրող Հայկ Պետրոսյանն իր մեղադրական ճառում հենց այդ փաստը ներկայացրեց որպես մեղմացուցիչ հանգամանք. Կարագոզյանը դեպքի օրը կարող էր նաեւ հակառակ կողմում լինել: Ակտիվիստն իր վերջին խոսքում դատարանին խոստացավ` այլեւս երբեք նման բան չի անի:

«Ես հայտնվել էի ոչ ճիշտ տեղում ոչ ճիշտ ժամանակին»,- դատարանում հայտարարեց նա:

Դատավճռի հրապարակումից հետո Կարագոզյանը հրաժարվեց մեզ հետ խոսել` նշելով միայն, որ վճռից գոհ է: Նշենք, որ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահան: Արեգ Սադոյանը նույնպես ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք օգոստոսից կալանքի տակ էին: