Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պնդում է, որ գեներալ, ՀՀ Զու գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն իրենից բիզնես է խլել: Այսօր` նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ 2007 թ. Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է եկել, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն եւ 70/30 տոկոսով կիսեն բիզնեսի շահույթը` 70 տոկոսը Հայկազ Բաղմանյանին: Թաթուլ Բաղդասարյանը փորձել է իրենց բիզնեսի փաստաթղթավորումն անձամբ իրականացնել, սակայն, որեւէ պետական կառույց նրան գազալցակայան կառուցելու եւ շահագործելու թույլտվություն չի տվել եւ մինչեւ այսօր էլ այդ գազալցակայանը գործում է ապօրինի:
Ավելի ուշ պարզվում է, որ Բաղմանյանը Թաթուլ Բաղդասարյանին խաբում է` չտալով նախապես խոստացված բիզնեսի շահույթը: Թաթուլ Բաղդասարյանը դիմում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել իր տարածքի գազամատակարարումը, նա նաեւ դիմում է ՀԷՑ, որպեսզի հոսանքազրկեն գազալցակայանը, սակայն ապարդյուն:
«Դիմել էի դատախազություն, ութ ամսից հետո մերժեցին: Դիմեցի առաջին ատյանի դատարան, քննելուց հետո մերժեցին: Դիմել եմ Վերաքննիչ դատարան, ոչ մի օբյեկտիվ քննություն չի կայացել, ընդամենը մակերեսորեն որոշում կայացրին, պրծան: Մարտունի քաղաքում օրենք չի աշխատում, աշխատում է ընդամենը Հայկազ Բաղմանյանի հրամանը: Դիմում եմ երկրի նախագահին, որ փաստաթղթերը կեղծվել են, բայց դատախազությունը մինչեւ այժմ չի կարող պարզել` ով է կեղծել: Կոծկում են գործը, թաքցնում են, ես չգիտեմ ուր գնալ: Դիմում եմ ԱԺ պատգամավորներին, որպեսզի այս հարցը հնչեցվի Ազգային Ժողովի ամբիոնից: Եթե հարցը կարգավորվի, խոստանում եմ հարյուր միլիոն դրամ նվիրել Հայոց բանակին, թող այդ գումարը չմնա գողացողներին: Չեմ թողնելու Հայկազ, քո երեխեքի հետ վայելես այդ փողը, այդ փողը պետք է վայելի մեր բանակի զինվորը»,-ասաց գործարարը:
Թաթուլ Բաղդասարյանը նշեց, որ Հայկազ Բաղմանյանը 2015 թվականի սկզբին վաճառել է գազալցակայանը երեք հոգու` «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանին, նրա տեղակալ Ալբերտ Խաչատրյանին եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությանը` ներկայիս վարչապետի հարազատներին:




























