Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 5 բուհերում:

Գործընթացի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները բուհ են այցելում`տեղում ծանոթանալու  որակի ներքին ապահովման համակարգերի գործունեությանը եւ փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունների վերացման աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանությանը սահմանված ժամանակացույցին: Այցելության ընթացքում տեղի է ունենում հանդիպում բուհի վարչական ղեկավարության,  պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ,  իրականացվում է  ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն:

Բուհը ներկայացնում է նաեւ  ինստիտուցիոնալ ներքին գնահատման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որի արդյունքները 2 տարին մեկ պարբերականությամբ պետք է ներկայացնի ՈԱԱԿ:

Արդեն իսկ մշտադիտարկում  իրականացվել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Առաջիկա շաբաթների ընթացքում այցեր տեղի կունենան նաեւ Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան:

Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի բուհին եւ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովին:

Ավելի վաղ ՈԱԱԿ-ը մշտադիտարկում էր իրականացրել ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, ՀԱՊՀ-ում, ՀԱԱՀ-ում, Հյուսիսային եւ Գլաձոր համալսարաններում: