Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ Կարեն Կարապետյանին ոչ ոք չի ստիպել անդամագրվել իշխող Հանրապետական կուսակցությանը:

«Գոնե վերջին ամիսների ընթացքում հանրությունը հնարավորություն ունեցել է հրապարակայնորեն հետեւել Կարեն Կարապետյանի գործունեությանը, տեսել է նրա թե մարդկային, թե պրոֆեսիոնալ, թե առհասարակ կամային որակները, եւ համոզված եմ` որեւէ մեկի մոտ մի վայրկյան չի կարող կասկած լինել, որ Կարեն Կարապետյանն այն անձնավորությունն է, որին կարելի է ստիպել մտցնել այս կամ այն կուսակցություն: Ոչ մի ստիպման մասին խոսք լինել չի կարող, դա եղել է բացառապես Կարեն Կարապետյանի որոշումը, որը Հանրապետական կուսակցությունը ողջունել է եւ ողջունում է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Կարապետյանը նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ դիմում է ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Վարչապետի խոսքով՝ դա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է ՀՀ նախագահը, որը ՀՀԿ ղեկավարն է, իսկ ցանկացած կառավարություն պետք է քաղաքական հենարան ունենա: Այնուհետեւ Կարեն Կարապետյանը ներկայացրել է 7 հիմնավորում, թե ինչու է դառնում կուսակցական: Շարմազանովի կարծիքով` տրամաբանական նորմ է հատկապես Սահմանադրական բարեփոխումներից հետո կուսակցական դառնալը:

«Սահմանադրական բարեփոխումներից հետո կուսակցությունների դերակատարումը շեշտակիորեն ավելանում է եւ անկուսակցական գործիչների, այնպիսի գործիչների, որոնք գտնում են, որ պետք է լինել անկուսակցական, կամ այնպիսի կարգախոս` իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է, դա մնում է անցյալում: Հիմա գալիս է կուսակցությունների հզորացման, կուսակցական գործիչների եւ թիմերի ժամանակը, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում»,- նշեց նա` հիշեցնելով, որ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում չկա քիչ թե շատ լուրջ քաղաքական գործիչ, որն անկուսակցական է: