Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառում, որ վաղը կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կընտրվի կուսակցության փոխնախագահ:
«Կդառնա՞ կուսակցության փոխնախագահ, ցույց կտա ժամանակը: Բայց այն, որ Կարեն Կարապետյանը, անդամակցելով ՀՀԿ-ին, կընդգրկվի կուսակցության ղեկավար մարմնում, եւ շատ տրամաբանական է, որ ընդգրկվի ղեկավար մարմնում ու ունենա շատ լուրջ դերակատարում նաեւ կուսակցական պաշտոնյայի կարգավիճակով, փաստ է: Հակառակ դեպքում անլուրջ կլիներ, որ Հանրապետության վարչապետը, որին Հանրապետական կուսակցության նախագահը համարել է եւ համարում է Հայաստանի Հանրապետությունում փոփոխությունների իրականացման առաջամարտիկներից մեկը եւ առաջամարտիկ, լինելով կուսակցությունում, մնալ շարքային կուսակցական: Բնականաբար եւ ընդհանուր գործի, եւ կուսակցության շահերից է բխում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ունենա առանցքային դերակատարում կուսակցության ղեկավար մարմնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Կարեն Կարապետյանն արդեն իսկ դիմում է ներկայացրել` անդամագրվելու ՀՀԿ-ին: Մամուլի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ական են դառնալու նաեւ բոլոր նախարարները, իսկ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ ընտրվելու է կուսակցության փոխնախագահ:




























