Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մյուս տարի Ախալքալաքի մուտքի-ելքի ճանապարհների ցուցանակներին վրացերեն գրառումների հետ միասին կավելացվեն նաեւ հայերեն գրառումներ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն:
Նոյեմբերի 24-ին Ախալքալաքի Շրջանային ժողովի բյուջեի հարցով կոմիտեի նիստի ժամանակ մասնակիցներն առաջարկել են Ախալքալաքի մուտքի-ելքի ճանապարհների ցուցանակներին գրառումների հայերեն տարբերակ ավելացնել: Այս առաջարկի նախաձեռնությունը պատկանում է ժողովրդական պատգամավոր Շիրվան Շիրինյանին:
«Մեր իրավունքն ամրագրված է օրենքով, Վրաստանի Սահմանադրությամբ: Պետական լեզվի հետ միասին իրավունք ունեմ գրելու ցանկացած այլ լեզվով, այստեղ օրենքի ոչ մի խախտում չկա: Եթե ցանկանում ես, կարող ես քո խանութի ցուցանակին հայերեն, անգլերեն գրել, ամենակարեւորն այն է, որ պետք է լինի պետական լեզվով, այսինքն՝ վրացերենով գրառում»,- ասել է Շիրվան Շիրինյանը:
Ժողովի նիստի մասնակիցներն աջակցել են նախաձեռնությանը՝ հավելելով, որ հայերեն գրառումներ է պետք ավելացնել նաեւ փողոցների անվանումների ցուցանակներին եւ գյուղերի անվանումների վահանակներին:




























