Նոյեմբերի 27-ին ֆրանցիաները կորոշեն, թե ով կդառնա աջերի եւ կենտրոնամետների ճամբարից նախագահի թեկնածուն: Գլխավոր հավակնորդը նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն է: Սակայն նրա մրցակից Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ հույս ունի փրայմերիզի երկրորդ փուլում նույնպիսի «անակնկալ» մատուցել, ինչ Ֆիյոնը՝ առաջին փուլում: Այս մասին հաղորդում է RFI-ն:
Մեկ շաբաթ առաջ Ֆրանսուա Ֆիյոնը զարմանալիորեն բոլորից առաջ անցավ՝ հավաքելով ավելի քան 44% ձայն: Ալեն Ժյուպեի օգտին քվեարկեց ընտրողների 28.6%-ը: Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 20.7%-ով հայտնվեց երրորդ տեղում եւ հերթական անգամ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:
Ակնկալվում է, որ Ֆրանսուա Ֆիյոնը կստանա նրանց ձայները, ովքեր փրայմերիզի առաջին փուլում սատարել են Նիկոլա Սարկոզիին:
Ամբողջ երկրի տարածքում շուրջ 10 հազար ընտրատեղամաս է բացվել: Քվեարկության նախնական արդյունքները պետք է հրապարակվեն տեղական ժամանակով 20:30-ին:
Վերջին հարցումների արդյունքները վկայում են Ֆրանսուա Ֆիյոնի առավելության մասին: Տարբեր գնահատականներով՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 61-65%-ը:




























