ՀՀԿ-ին անդամագրվելով՝ Կարեն Կարապետյանը հաստատեց, որ ինքը հրավիրյալ չէ եւ ժամանակավոր չէ քաղաքականության մեջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ կրկին անդրադառնալով վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին:

«Լրատվական դաշտում հետեւյալ հոսանքներն ենք տեսնում: Երբ լուր հրապարակվեց, որ Կարեն Կարապետյանը նշանակվելու է վարչապետ, գրեցին, թե ժողովուրդ, նրան բերում են ժամանակավոր աշխատելու համար, նա ընդամենը մի մեխանիզմ է, նրան կոպիտ ասած հրավիրել են, հետո նորից գնալու է: Օրեր անց նույն մարդիկ գրեցին, որ Կարեն Կարապետյանը լավ վարչապետ չի լինելու, որովհետեւ հրավիրյալ մարդ է: Ավելի ուշ էլ այդ նույն մարդիկ դեմքի նույն արտահայտությամբ հայտարարեցին, թե ոնց այդ մարդուն մտցրին ՀՀԿ, ախր որպես անկուսակցական լավ վարչապետ էր: Ոնց որ Հայաստան-Մոնտենեգրո խաղի ժամանակ արված մեկնաբանություններ լինեն, որ առաջին խաղակեսում մի բան էին գրում, վերջում՝ լրիվ ուրիշ: Կարեն Կարապետյանն իր դիմումով հաստատեց, որ ինքն ուզում է եւ պատրաստ է լինել քաղաքական կերպար»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանին զարմացնում է, որ նման տրամաբանական հարցերում փորձում ենք ինտրիգ փնտրել, երբ ամեն ինչ ակնհայտ է: ՀՀԿ փոխնախագահը կրկին հիշեցրեց Հանրապետության նախագահի հայտարարությանը, որ ընտրություններից հետո վարչապետի իրենց թեկնածուն լինելու է հենց Կարեն Կարապետյանը:

«Լավ կլինի, որ մյուս քաղաքական ուժերն էլ ասեն, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն»,- ասաց նա:

Թե ինչ է սպասվում 2018 թվականից հետո, Աշոտյանը հորդորում է չշտապել, հատկապես որ մյուս կուսակցություններն իրենց քայլերը չեն բացահայտում:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը իշխող կուսակցությանն անդամագրվել է նոյեմբերի 24-ին՝ ՀՀԿ համագումարից մի քանի օր առաջ: Առաջիկայում նա նշանակվելու է կուսակցության նախագահի առաջին տեղակալ: