Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 29-ին, հավաքվելու են Ճամաբարակի «Աշտարակ կաթ» գործարանի մոտ եւ որոշելու իրենց հետագա անելիքները: NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանն ասաց, որ իրենց մի քանի ամսվա աշխատավարձն ու մթերած կաթի դիմաց կուտակված գումարը պահանջող ճամբարակցիներն արդեն հույս չեն կապում գործարանի սեփականատերերի հետ եւ որոշել են հավաքվել գործարանի մոտ եւ հանձնաժողով կազմելուց հետո՝ ինքնուրույն կազմակերպել գործարանում եղած պանրի վաճառքը:
«Հույսերը կտրել են սեփականատերերից եւ այսօր հավաքվելու են գործարանի մոտ եւ քանի որ գործարանում այս պահին ոչ աշխատող կա, ոչ էլ տնօրինություն, հնարավոր է՝ հանձնաժողով կազմեն եւ պանիրը գործարանից դուրս հանեն եւ այն հանձնելուց հետո, ստացված գումարից իրենց պարտքը վերցնեն: Ես էլ եմ արդեն կասկածում, որ սեփականատեր կա, որովհետեւ ճամբարակցիներին խոստացված ոչ մի քայլ չի արվել»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ ճամբարակցիներն այսօր ժամը 11-ին են շարժվելու «Աշտարակ կաթ» գործարան: «Աշտարակ կաթի» ճամբարակում գտնվող ընկերությունը բնակիչներին պարտք է մի քանի ամսվա աշխատավարձ եւ մթերած կաթի դիմաց գումարը:




























