Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 12։40-ի սահմաններում Isuzu մակնիշի ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայում հրդեհ է առաջացել։ Մուղնի թաղամասի բնակիչներն ու քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Մեքենայում հայտնաբերվել է Մովսես Խաչատրյանի անվամբ ավտոմեքենայի գազի թույլտվության վկայական։