Քաղաքացիների ընդունելություն կազմակերպելը պետք է լինի պատգամավորի իրավունքը, ոչ թե պարտականությունը, ինչպես որ ամրագրված է ԱԺ նոր կանոնակարգ- օրենքում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կանոնակարգ- օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ինքը դեմ չէ ընդունելություններին, սակայն դա պետք է դիտարկել որպես իրավունք:
«Ոչ մեկը չի կարող սահմանել ընթացակարգը, թե որտեղ պետք է ընդունի, ինչ պայմաններում, ում: Սա կարող է ամենազավեշտալի իրադարձությունների հանգեցնել: Օրինակ, պատգամավորը «վետերոկում» իր ընկերների հետ հանդիպի ու դա ձեւակերպի որպես քաղաքացիների հետ ընդունելություն»,- ասաց նա:
Հիմնական զեկուցող, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, սակայն, ընդգծեց՝ ինքը մտավախություն չունի, որ որեւէ մեկն իր ընկերների հետ խնջույքը կներկայացնի որպես քաղաքացիների հետ ընդունելություն:




























