Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը՝  Տիգրանին, նոյեմբերի 26-ին «Օջախ» ռոստորանային համալիրում դանակահարողի ինքնությունը պարզվել է: NEWS.am-ի տեղեկություններով նրա անունը Մարտուն է, նա Երեւանի  26-ամյա բնակիչ է:

Ի դեպ, այս դեպքով քրեական գործ չի հարուցվել:

Նշենք, որ Կովալենկո Շահգալյանի թոռան դանակահարության դեպքը կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Տիգրանի հետ:

Ավելի վաղ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, որ թոռանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին չի վնասվածք հասցրել: «Շատ քիչ տոկոսով է իրականությանը համապատասխանում: Թեթեւ վնասվածք է, Խաչատրյան Սուրիկի տղան էլ կապ չունի այս պատմության հետ: Կենցաղային վեճ է եղել, սուտ են տեղեկությունները, որ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակով վնասել: Ռեստորանում ջահելների միջեւ վեճ է եղել»,-ասել էր նա:

Սուրիկ Խաչատրյանն իր հերթին նույնպես հերքել է տեղեկությունները, թե իր որդին կապ ունի միջադեպի հետ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 26-ին, «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը: Վերջինս ոտքերի եւ նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:

Աղբյուրի փոխանցմամբ, կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով մինչ աղջիկների եւ վիրավորի հետ «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: