Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կսկսվի երկկուսակցական համակարգի հաստատման գործընթացը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Պատգամավորի պարզաբանմամբ՝ երբ Ազգային ժողովը կազմավորվի վրացական մոդելով, այսինքն՝ խորհրդարան անցնեն 3 կամ 4 կուսակցություններ, գործընթացը կսկսվի:

Ասուլիսի մյուս բանախոս Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը այնքան էլ լավատեսորեն չէր տրամադրված: «Ցավոք, դա տեսանելի ապագայի խնդիր չէ, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ տարբեր կուսակցություններ, որոնք ասում էին, որ երբեք չեն միանա ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ, իրենց դիրքորոշումը մեղմացրին»,- նշեց Լեւոն Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ Հայաստանում նույնպես հնարավոր է երկկուսակցական համակարգի հաստատումը, բայց դրա համար ժամանակ է պետք: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում ստեղծվի ուժեղ ընդդիմադիր բեւեռ»,- հավելեց պատգամավորը:

Թեւան Պողոսյանն այս մտքին հետեւյալ կերպ արձագանքեց. «Կարծում եմ, որ Հայաստանում գոյություն ունի ուժեղ ընդդիմադիր բեւեռ, միայն իշխանափոխություն է անհրաժեշտ: Այն պահին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդդիմադիր դառնա, մենք ուժեղ ընդդիմադիր բեւեռ կունենանք»: